Անշարժ գույքի գործակալների մեծ մասը ձեզ կասեն, որ ձեր տունն էներգաարդյունավետ դարձնելը դրա արժեքը բարձրացնելու ամենալավ տարբերակներից մեկն է, եթե երբևէ որոշեք վաճառել կամ վարձով տալ այն։
Եթե ձեր տունը ջերմամեկուսացված չէ կամ ունի հին դռներ և պատուհաններ, որոնցով տաք և սառը օդը դուրս ու ներս են անում, պոտենցիալ գնորդներն ամենայն հավանականությամբ դա կնկատեն, ինչը և կազդի իրենց որոշումների կայացման վրա։ Սակայն անշարժ գույքի ամեն գործակալ կամ գնորդ գիտի, որ այն տները, որոնք ձևափոխվել են էներգաարդյունավետության նկատառումներով, ավելի պակաս ծախսատար են ապրելու և պահպանելու առումով։
Ձեր բնակարանի շուկայական արժեքը բարձրացնելու ամենաարդյունավետ եղանակը պատուհանները փոխելը կամ նորոգելն է։ Կարելի է ակնկալել ծախսերի հետգնում 60-90 տոկոսով, եթե ներդրում եք անում էներգաարդյունավետ պատուհանների վրա։
Շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, որոնցից են տանիքը, ձեղնահարկը, նկուղը և աստիճանավանդակը, նորոգելը ևս կարող են հեշտ համոզել պոտենցիալ գնորդներին, որ ձեր շենքը ապահով և հաճելի վայր է ապրելու համար։
Հին ասացվածքը, որ առաջին տպավորությունն ամենակարևորն է, ճիշտ է։ Երբ գնորդներն այցելում են ձեր շենք, նրանք կնայեն ընդհանուր տարածքները, կդիտարկեն աստիճանավանդակի վիճակը, շենքի ճակատային մասը և արտաքին պատերը։ Եթե դրանք քանդված են, խարխուլ և բարձիթողի, ապա դա կարող է ազդել ձեր բնակարանը գնելու ցանկության կամ այն գումարի վրա, որը նրանք պատրաստ են ձեզ առաջարկել։ Անհատապես, փոքր վերանորոգումները կարող է կարևոր չթվան, սակայն եթե ամեն տարածքում կամ սենյակում մի բան կա, որն այնպես չէ, ապա այդ փոքր բաները միասին վերցրած կստեղծեն այնպիսի տպավորություն, որ ձեր շենքն անուշադրության է մատնված։
Եթե ուզում եք ձեր տան արժեքի թարմ պատկերն ունենալ, անցեք փողոցը, շրջվեք և անաչառորեն, օբյեկտիվ կերպով նայեք ձեր շենքին։ Ահա այդ դեպքում դուք կնկատեք պատերի ճաքերը և ակնհայտ թերությունները։ Պետք է ձեզ հարց տաք․ «Ձեր շենքը լավ տեսք ունի՞», «Առաջին հայացքից այն գեղեցի՞կ է, հյուրընկալ և կառուցվածքով համահու՞նչ»։ Ընդամենը արտաքին ճակատամասը վերանորոգելը և միջանցքի ու աստիճանավանդակի ներսի պատերը ներկելը էական ազդեցություն կունենան ողջ շենքի տեսքի վրա։
Եվս մեկ հատված, որին պետք է բավարար ուշադրություն դարձնել, տանիքն է։ Պոտենցիալ գնորդները հաստատ այն կուսումանսիրեն: Անշարժ գույքի գործակալների 31%-ը նշել է, որ տանիքը տան ամենակարևոր հատվածներից մեկն է, որը պետք է լավ վիճակում պահել, քանի որ այն ազդանշան է տալիս գնորդին, թե, արդյոք, տան մասին պատշաճ կերպով հոգ են տարել։
Եթե վճարում եք ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրականության համար, ապա լավ միտք է տեղադրել էներգաարդյունավետ լուսավորության համակարգ։ Սա կօգնի ձեզ բավական գումար խնայել էլեկտրականության վրա, սակայն, որն ավելի կարևոր է, ձեր շենքն ավելի ապահով և ժամանակակից դարձնել։ Լավ լուսավորված սրահներն ու միջանցքները ձեր շենքին հյուրընկալ և լավ պահպանված տեսք կհաղորդեն։
Պարտադիր չէ, որ ձեր տանն էներգաարդյունավետ վերանորոգումներ իրականացնելը և այն ժամանակակից դարձնելը շատ գումար պահանջի։ Սակայն այն ձեր տունը կարող է շատ ավելի գրավիչ դարձնել գնորդների համար։ Ընդամենը որոշ մանր փոփոխություններ կատարելը, ինչպես օրինակ՝ արտաքին պատերը ջերմամեկուսացնելը, կարող են ամեն տարի ձեզ համար մեծ խնայողություններ ապահովել։
Ըստ Forbes-ի՝ եթե շենքում անհրաժեշտ վերանորոգումները չեն իրականացվում (օրինակ՝ կաթացող տանիքը), երբ դրանք հայտնաբերվում են, ապա դրանք մեծ տարբերության կարող են հանգեցնել վաճառքի վերջնական գնի առումով։ Անշարժ գույքի գործակալներն օգտագործում են բութ մատի կանոնը․ տունը վաճառելիս վերանորոգման միջին ծախսի գումարը կարող է վաճառողի համար այդ ծախսի կրկնակիի չափով նվազեցնել վաճառքի վերջնական գինը։
Սա ապացուցում է, որ ձեր շենքի վերանորոգման համար փոքր ներդրումներ կատարելը ձեզ համար ոչ միայն կապահովի ավելի հարմար ապրելակերպ, այլև երկարաժամկետ կտրվածքով ձեր տան արժեքի հարցում կապահովի զգալի տնտեսական շահ։