Ձեր շենքի վերանորոգման մեջ ներդրում կատարելը բազմաթիվ օգուտներ է բերում ձեզ և ձեր ընտանիքին։ Բացի էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելու շատ ակնհայտ պատճառներից, որոնցից են կոմունալ վճարումների ավելի ցածր հաշիվները, բնակարանը տաքացնելու համար ավելի քիչ էներգիա օգտագործելը կամ պատշաճ ջերմամեկուսացման շնորհիվ զգալի առողջական օգուտները, մենք չենք կարող անտեսել բարեկարգված, ավելի գրավիչ և գեղագիտորեն գոհացնող ապրելու միջավայրի գերդրական հոգեբանական աղդեցությունը։
Ավելի լավ միջավայրը և հարմարավետության մակարդակի աճը նույնպես կարևոր են, և մարդիկ ցանկանում են վերանորոգումներ նախաձեռնել նույնիսկ այն դեպքում, երբ ավելի շատ գումար պետք է վճարեն որոշակի ժամանակահատվածում, եթե արդյունքը կանխատեսելի է։
Մարդիկ իրենց կյանքի զգալի մասն անց են կացնում տանը, և եթե նույնիսկ ամեն օր աշխատանքի եք գնում, կասկած չկա, որ ձեր անմիջական շրջապատն էական ազդեցություն ունի ձեր հոգեբանական վիճակի, տրամադրության և կյանքի հանդեպ ընդհանուր վերաբերմունքի վրա։
Երբ դուք ամեն օր աշխատանքի գնալիս կամ գալիս նայում եք ձեր շենքի անուշադրության մատնված տեսքին՝ խարխուլ ֆասադին, պատերի գունաթափված ներկերին, կաթկթացող տանիքին, վերանորոգման կարիք ունեցող պատուհաններին, դռներին և աստիճանավանդակներին, ապա այս ամենը հաստատ ազդում է ձեր տրամադրության վրա։
Սակայն պատկերացրեք հետևյալը․այս դանդաղ քայքայման պատկերի փոխարեն դուք տեսնում եք ձեր շենքը վերանորոգված և արդիականացված, պարուրված նոր, մաքուր, փայլուն և տաք ծածկոց հագած արտաքին ջերմամեկուսացված պատերով։ Վերանորոգված տանիքը կամ ֆասադըը, փոխարինված կամ վերանորոգված պատուհանները և նոր ներկված, ժանգազերծ աստիճանավանդակները մի՞թե ձեզ անմիջապես չեն ստիպում ավելի լավ զգալ։
Երբ ձեզ վրա այլևս չի ազդում ձեր շենքի տհաճ տեսքը, տան մշտական սառնությունն ու խոնավությունը, ինչպես նաև ցուրտ ամիսներին էներգիայի համար վճարվող գումարը, կարող եք զգալ, որ ձեր տրամադրությունն ու աշխատունակությունն աճում են։ Ուզում եք տուն գնալ և վայելել ձեր բարեկարգված, ավելի հարմարավետ բնակավայրը։ Դուք հաճույքով և հպարտությամբ եք հրավիրում ձեր ընկերներին, հարազատներին կամ նույնիսկ աշխատակիցներին այցելել ձեր վերանորոգված և արդիականացված շենք։
Ավելին, շենքերի ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կապ ունի ողջ թաղամասի անվտանգության և բարեկեցության հետ։ Բժիշկներ Ջորջ Քելինգը և Ջեյմս Ուիլսընը ստեղծել են իրենց հայտնի Կոտրված պատուհանների տեսությունը 1980-ականների վերջին։ Նրանց դիտարկումը ցույց է տվել, որ անբարեկարգ վիճակը որոշակի հոգեբանական ազդեցություն ունի մարդկանց վրա։ Շենքում ընդամենը մի քանի կոտրված պատուհաններն արագ հանգեցնում են ավելի շատ կոտրված ապակիների, վանդալիզմի ավելի շատ դրսևորման և բնակարանային ներխուժումների։ Այս տեսությունը վերջերս ապացուցվեց մի հոլանդացի քրեաբանի կողմից, ով անկախ հետազոտություն իրականացրեց և ցույց տվեց, որ ընդամենը գրաֆիտիի և աղբի առկայությունը էականորն բարձրացնում է մարդկանց՝ ավելի շատ կեղտոտելու, վանդալիզմ դրսևորելու և նույնիսկ մանր հանցագործությունների հանդեպ հակումը։
Հետևաբար, ներդրում կատարելով ձեր շենքի վերականգնման և բարեկարգման աշխատանքներում, դուք ձեր թաղամասն ավելի անվտանգ վայր եք դարձնում ձեր և ձեր ընտանիքի համար։
Ձեր շենքի վերանորոգման և բարեկարգման օգուտները․
- Ջեռուցման ծախսերի խնայում
- Շենքի՝ որպես անշարժ գույքի, արժեքի բարձրացում
- Ողջ թաղամասի/քաղաքի բարելավված տեսք
- Տան հարմարավետության բարելավում
- Կյանքի ավելի լավ որակ ավելի գրավիչ միջավայրում
- Ավելի լավ տրամադրություն և աշխատունակության բարձրացում
- Սոցիալական կարգավիճակի ավելի լավ ընկալում
- Քաղաքացիական հպարտության բարելավում
- Ավելի ապահով ապրելու պայմաններ շենքում
- Ողջ թաղամասի անվտանգության բարելավում
- Ավելի առողջ կեցության պայմաններ
- Ջերմոցային գազերի արտահոսքի նվազում