Ձմռան ցուրտ ամիսների ընթացքում Հայաստանի սեփական տների 38%-ը ջեռուցման համար ծախսում է 60,000 դրամ կամ ավել։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի 41%-ը նշել է 20,000-40,000 դրամ ծախսելու մասին։ Ի լրումն, ըստ սեփականատերերի 44%-ի գնահատականի՝ նրանք տարեկան ծախսում են 5 000 — 10,000 դրամ ջուր տաքացնելու համար։
Հայաստանում էներգիայի գների չդադարող աճը, որը բացասաբար է ազդում հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա, ստիպում է մտածել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետ վերանորոգումների աճող կարիքի մասին։ Ավելին, 2013թ․ Համաշխարհային բանկի կողմից տպագրված զեկույցը Հայաստանում հոսանքի ստացման գնորոշման մասին արդեն մատնանշում էր, որ բնական գազի աճող գների և տվյալ բնագավառում ներդրումների կարիքի պատճառով եկող մի քանի տարիների ընթացքում կարիք կլինի 70-270 տոկոսի սպառողական գին սահմանել՝ այդ բնագավառում ծախսի լրիվ վերականգնում ապահովելու համար։
Հայաստանում էներգիայի գների՝ վերջերս արձանագրված աճը․
- բնական գազի գնի 18% աճ. 07.07.2013թ․
- էլեկտրաէներգիայի գնի 30% աճ. 07.07.2013թ․
- էլեկտրաէներգիայի գնի համարյա 11% աճ. 01.08.2014թ․
Հայաստանի բնակֆոնդի մեծ մասը, հատկապես քաղաքային վայրերում, բաղկացած է պանելային բազմահարկ բնակարանային շենքերից, որոնք կառուցվել են նախքան 1991թ․՝ ըստ Խորհրդային միությունում առկա ցածր ստանդարտների։ Այս շենքերը կառուցվել են չնչին ջերմամեկուսացմամբ, և միայն քչերն են էականորեն վերանորոգվել դրանից հետո։ Բազմաբնակարան շենքերի ճնշող մեծամասնությունը՝ մոտ 75%-ը, կառուցվել է 1950-ականների և ուշ 1980-ականների միջև։
Իրենց վատ կառուցման և ջերմամեկուսացման պատճառով այս շենքերում էներգաարդյունավետության և հարմարավետության մակարդակը շատ ցածր է, և դրանք հետ են մնում համապատասխան եվրոպական և միջազգային ստանդարտներից։ Ամեն տարի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի մեծ մասը վատնվում է չջերմամեկուսացված պատուհանների, ֆասադների կամ ընդհանուր օգտագործման տարածքների միջոցով, որոնցից են նկուղներն ու ձեղնահարկերը։ Էներգաարդյունավետությունը էներգիայի սպառման աճը զսպելու և կառավարելու մի ձև է։
Էներգախնայողության ամենամեծ աղբյուրը վերանորոգումներն են, որոնք բարելավում են բնակարանների ջեռուցման համակարգերը և ջերմամեկուսացումը։ Շենքի ջերմամեկուսացումը բարելավելով հնարավոր է դառնում նվազեցնել էներգիայի կորուստը 50-80%-ով։ Էներգիայի ավելի քիչ սպառումը նշանակում է ավելի քիչ կոմունալ վճարներ և գումարի խնայում՝ ծախսելու ձեր և ձեր ընտանիքի վրա կամ ավելացնելու ձեր գումարային խնայողությունները։
Ներդրումներն էներգաարդյունավետ միջոցառումներում հիմնականում բաղկացած են երկու տիպի գործողություններից․ ջերմամեկուսացնող միջոցների տեղադրում շենքի ֆասադային հատվածում, ինչպես նաև տանիքի վերանորոգում և ջերմամեկուսացում։ Այս վերանորոգումները կբարելավեն ձեր բնակարանի ընդհանուր հարմարավետությունը։ Ներբնակարանային ջերմաստիճանը կբարելավվի պատուհանների միջով էներգիայի արտահոսքը նվազեցնելու միջոցով, իսկ տան ջերմաստիճանն ավելի կայուն կդառնա։
Եթե վճարում եք ընդհանուր տարածքների էլեկտրականության համար, ապա լավ գաղափար է տեղադրել էներգաարդյունավետ լուսավորություն։ Սա ոչ միայն կխնայի գումար երկարաժամկետ կտրվածքով, այլև կօգնեք շրջակա միջավայրին։
Բազմաբնակարան շենքերի բարելավման վերաբերյալ հիմնական խորհուրդներից են ջերմամեկուսացմանն ուղղված երկարաժամկետ էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումը։ Ջերմամեկուսացումը նվազեցնում է ջերմության արտահոսքը շենքի արտաքին ճեղքերի և անցքերի միջով։
Հետևյալ տարածքները ջերմամեկուսացնելու շնորհիվ կարելի է հասնել մեծ էներգախնայողության․
- Արտաքին պատեր (շենքի երեսպատում), պատուհաններ և դռներ-30%-40% էներգախնայողություն
- Վերջին հարկի տանիք կամ առաստաղ-15-25% էներգախնայողություն
- Նկուղի տանիք-10-20% էներգախնայողություն
- Ջերմային կամուրջներ (հատկապես պատշգամբներում)-10-20% էներգախնայողություն
- Պատերի և տանիքի պատերի միջև եղած ճեղքեր-5-15% էներգախնայողություն
- Դռների և պատուհանների շուրջը եղած անցքեր-5-10% էներգախնայողություն
Առաջարկվող միջոցառումներն իրականացնելու շնորհիվ ձեր շենքում էներգիայի օգտագործումն էականորեն կկրճատվի։ Այս կերպ դուք էականորեն ավելի քիչ էներգիա կսպառեք և կնվազեցնեք ծախսվող գումարը՝ միևնույն ժամանակ ձեր տունն ավելի տաք պահելով։
Հայաստանի բնակարանատերերի ութսունհինգ տոկոսը, ովքեր նպատակ ունեն բարելավել իրենց բնակարանների էներգաարդյունավետությունը պատերի բարելավված ջերմամեկուսացման միջոցով, կարծում են, որ ջեռուցման վրա ամեն ամիս ի վիճակի կլինեն խնայել առնվազն մինչև 10,000 դրամ։