Ապրելու ավելի լավ պայմաններ

Բարեկարգված տները զգալիորեն ապահովում են ներքին ջերմային, խոնավության և ձայնային մեկուսացում: Թերջեռուցված, խոնավ և վատ օդափոխվող բնակարաններն այնտեղ ապրողների առողջությունը դնում են վտանգի տակ։ Պաշտպանեք ձեր ընտանիքը՝ պատշաճ կերպով ջերմամեկուսացնելով ձեր շենքը:

Բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման առավելությունները չեն սահմանափակվում միայն կոմունալ վճարումների համար գումարներ խնայելով, այլև շենքում բարելավված հարմարավետության ամենօրյա զգացողությամբ, ավելի ջերմ տնային միջավայրով և ավելի առողջ պայմաններով։

Չկա ավելի շատ ձանձրացնող բան, քան վատ ջերմամեկուսացված, անբավարար ջեռուցված կամ խոնավ և պատուհաններից փչող տանն ապրելը, որտեղ ստիպված ես սպառել էներգիայի մեծ մասն ընդամենը տաք մնալու համար։ Ժամանակի ընթացքում ձեր մարմնի համար ավելի ու ավելի դժվար է դառնում պայքարել անբարենպաստ կենցաղային պայմանների դեմ։ Ձեր աշխատունակությունը շարունակաբար նվազում է, և սկսում եք ավելի շատ հիվանդանալ։ Դուք բավական գումար եք ծախսում դեղերի վրա՝ վերացնելու ցրտի և հազի ախտանիշները, որոնք, կարծես թե, թուլանալու միտք չունեն։

2005թ․ Հայաստանի քաղաքային բնակարանների միայն 29 տոկոսում չի գրանցվել հիվանդացություն, և սա ուղղակի կապված է թերջեռուցված բնակարանների հետ։ Բնակչության ավելի քան 14 տոկոսը տառապել է ցրտից, իսկ 60 տոկոսը՝ գրիպի դեպքերից։ 2008թ․ դրությամբ ավելի պակաս արդյունավետ, ավանդական վառելիքի, որոնցից են փայտը, կիրառման հետևանքով առաջացած վատառողջության գինը տարեկան անցնում էր 1.7 միլիարդ դրամից։

Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ թերջեռուցված, խոնավ և վատ օդափոխվող բնակարաններն այնտեղ ապրողների առողջությունը դնում են շնչառական, սրտանոթային, ալերգիայի հետ կապված և վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև հոգեբանական սթրեսի վտանգի տակ։ Երեխաները, ծեր և հիվանդ մարդիկ հատկապես գտնվում են թոքային հիվանդություն ձեռք բերելու վտանգի տակ, որը կապված է վատ ջերմամեկուսացման հետ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգն ավելի թույլ է և նրանք ստիպված են ավելի շատ տանը մնալ։

Կան հիմնավոր փաստեր, որ շենքերի էներգաարդյունավետ վերանորոգումները կարող են էականորեն նվազեցնել այս պայմանների վտանգը և բարելավել առողջությունը։ Առողջապահական օգուտները հիմնականում առաջանում են ավելի լավ ջերմամեկուսացման շնորհիվ շոգը մեղմելուց և ավելի արդյունավետ ջեռուցման համակարգի, ավելի շատ ցերեկային լույսի և օդափոխության շնորհիվ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շնչառական և արյան շրջանառության խնդիրներով հոսպիտալացումը նվազել է տները ջերմամեկուսացնելու շնորհիվ, քանի որ այս հիվանդություններն առավել զգայուն են ջերմաստիճանի հանդեպ։ Ավելին, բնակարանի օդի ավելի լավ որակը և լուսավորությունը կարող են բարելավել ձեր աշխատունակությունը և նույնիսկ կարող են ազդել ուսանողների՝ սովորելու ունակություների վրա։

Ցուրտ տները սովորաբար նաև խոնավ են, ինչը կարող է առաջացնել տհաճ նամշահոտ և բորբոս, որը կարող է առաջ բերել շնչառական ախտանիշներ։ Բորբոսն ու նամշածությունն առաջանում են ավելորդ խոնավությունից։ Շենքերում խոնավությունը սովորաբար առաջանում է կաթացող խողովակներից, նկուղներում կամ առաջին հարկերում կուտակվող խոնավությունից, պատուհանների շրջանակների կամ դրանց շուրջը եղած վնասվածքների միջոցով ներթափանցող անձրևաջրերից։

Հայաստանում խոնավ բնակարաններ ունեցողների 85 տոկոսը հայտնում է, որ այն ազդում է իրենց ամենօրյա կյանքի որակի վրա։

Սակայն բորբոսը ոչ միայն անհարմարություն է առաջացնում ձեր տանը, այլ նաև արտադրում է թույներ, որոնք բացասաբար են ազդում ձեր առողջության վրա։ Այն շատ դժվար է հեռացնել, քանի որ դրա սպորները (բորբոսի կողմից արտազատվող փոքրիկ մասնիկները) իրենց դիպչելիս կարող են տարածվել օդի միջով և բորբոսն ավելի հեռու տանել, ինչպես նաև որոշ մարդկանց մոտ առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։ Հաճախ բորբոսն անց են կացնում վնասակար քիմիական նյութերով, որոնք նույնքան վտանգավոր են շնչառական համակարգի համար, որքան սպորները շնչելը։ Ընտանիքների շրջանում մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանց 23 տոկոսի մոտ մի շարք անդամներ տառապում են շնչառական խնդիրներից։

Բորբոսը նաև նպաստում է շենքի ավելի արագ քայքայմանը՝ ստիպելով ավելի հաճախ կատարել անհրաժեշտ վերանորոգումներ և բարեկարգումներ, քան էներգաարդյունավետ վերանորոգումների պարագայում է։

Էներգաարդյունավետ վերանորոգումների մեջ ներդրում կատարելը կբարելավի ձեր տան կլիման՝ նվազեցնելով էներգիայի արտահոսքը պատուհաններից։ Ձեր բնակարանի ջերմաստիճանն ավելի կայուն կդառնա։ Սա կօգնի ձեր տունը տաք պահել, լուծել ավելորդ խոնավության հարցը, ինչը պարբերաբար հանգեցնում է բորբոսի ձևավորմանը և բարելավել ձեր առողջությունը։

Բարելավված բնակարանային կլիմայի առողջապահական առավելություններն են․

  • Անձնական բարեկեցության աճ, օրինակ՝ հիվանդացության և սթրեսի նվազում
  • Կյանքի ընդհանուր որակի բարելավում, օրինակ՝ տան հարմարավետության բարելավում
  • Մահացության թվի նվազում
  • Բաց թողնված աշխատանքային օրերի քանակի նվազում՝ կապված տան ներքին անբարենպաստ միջավայրի պատճառով առաջացած հիվանդությունների հետ
  • Հոսպիտալացումների քանակի նվազում
  • Ավելի քիչ ծախս առողջության խնամքի վրա
  • Աշխատունակության և սովորելու կարողությունների բարելավում
  • Պարբերաբար առաջացող բորբոսը մաքրելու համար կիրառվող թունավոր քիմիական նյութերի ազդեցության նվազագույն քանակ