Оդի աղտոտվածության նվազեցում եվ կլիմայական փոփոխություններ

CO2-ի արտանետումները շենքերից 70%-ով կաճեն 2030թ․ դրությամբ` հանգեցնելով անկայուն եղանակային պայմանների: Էներգիայի սպառման կրճատումը կհանգեցնի օդի աղտոտվածության նվազեցման: Ամբողջ աշխարհում էներգաարդյունավետության բարձրացումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի խոստումնալից ձևերից է:

Երկրագունդը, կարծես, մի մեծ ջերմոց լինի տիեզերքում, որտեղ, ապակու փոխարեն, ջերմությունը պահպանվում է մթնոլորտում առկա գազերի միջոցով։ Դրանք թույլ են տալիս արևի ջերմությանը հասնել հողին, այնուհետև պահել և պահպանել կյանքի համար նպաստավոր ջերմաստիճան մոլորակի վրա։ 

Ածխածնի երկօքսիդը (CO2) մթնոլորտում գտնվող անգույն և անհոտ գազ է։ Այն նաև ջերմոցային գազերից մեկն է։ Վերջին հարյուրամյակի ընթացքում անարդյունավետ և աղտոտող էներգիայի համակարգերը առաջացրել են CO2-ի կուտակում՝ հանգեցնելով համաշխարհային կլիմայի և շրջակա միջավայրի անդառնալի փոփոխությունների։  Այս փոփոխությունների հետևանքները դժվար կանխատեսելի են, սակայն դրանք հարմարվելու և այս գազերի արտանետումները կրճատելու հսկայական տնտեսական ծախսեր են ենթադրում, եթե ոչ աղետալի հետևանքներ մարդկության ապագայի համար։

Սակայն CO2-ը միակ ջերմոցային գազը չէ։ Այլ գազեր ևս կան, ներառյալ մեթանը, ազոտի օքսիդը և այլն, որոնք ներկայում հանդիպում են շատ ավելի մեծ խտությամբ, քան նախաարդյունաբերական ժամանակահատվածում։  Գիտնականները կարծում են, որ գազերի քանակի աճը մարդկային գործունեության անմիջական հետևանքն է։  Այսպես կոչված ջերմոցային էֆեկտի հետևանքը ամբողջ աշխարհում միջին ջերմաստիճանի աճն է։

Ջերմոցային էֆեկտի պատճառով համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումն առաջացնում է․

  • Բևեռային սառույցների և սառցաբեկորների հալում
  • Ծովի մակարդակի բարձրացում
  • Կլիմայական ծայրահեղ դրսևորումներ
  • Բացասական ազդեցություն գյուղատնտեսության վրա

Էներգիայի սպառման տեսակետից շենքերը պատասխանատու են CO2-ի արտանետումների զգալի մասի համար։ Եվրոպական տարածաշրջանում, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, շենքերում էներգիայի հիմնական աղբյուրները են էլեկտրաէներգիան, կենտրոնական ջեռուցումը և բնական գազը։ Սա ներառում է և CO2-ի ուղղակի արտանետումներ շենքերից բրածո վառելիքի «տեղում այրելու» միջոցով, և անուղղակի արտանետումներ (որոնք նաև կոչվում են հոսանքն ի վեր կամ upstream,) էլեկտրականության և կենտրոնական ջեռուցման պահանջի միջոցով։

Շենքի գոյության ընթացքում ծախսված ողջ էներգիայի 80-90 տոկոսը կիրառվում է իր իսկ գործունեության ընթացքում, հիմնականում տարածքի և ջրի տաքացման համար, իսկ մնացած մասը՝ շինարարության և քանդման աշխատանքների փուլում։

Այս տարածաշրջանում ողջ էներգիայի մոտ մեկ երրորդը սպառվում է շենքերում, հիմնականում բնակելի հատվածում, որը պատասխանատու է էներգայի ընդհանուր սպառման 15–40 տոկոսի համար՝ կախված տվյալ երկրից։ Հայաստանը բնակելի շենքերում էներգիայի սպառման հարցում բարձր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային երկրների շարքում։

Եթե այս միտումը շարունակվի, CO2-ի արտանետումները շենքերից 70%-ով կաճեն 2030թ․ դրությամբ և նույնիսկ կհասնեն տագնապալի 140%-ի 2050թ․ դրությամբ՝ հանգեցնելով ավելի անկայուն եղանակային պայմանների և ծայրահեղ եղանակային դրսևորումների, որոնցից են հսկայական փոթորիկները, ջրհեղեղները, մրրիկները և այլն։

Էներգաարդյունավետությունը կարող է օգնել Հայաստանին բարելավել մարդկանց առողջությունը և միջավայրը, ինչպես նաև պահպանել երկրի հիմնական բնական ռեսուրսները։ Ունենալով ընդամենը 283,000 հեկտար անտառ՝ վառելափայտի անխնա օգտագործումը ևս լուրջ ազդեցություն է ունենում Հայաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի վրա։ Հիդրոէլեկտրակայանների անխնա օգտագործումը, ինչը կհիշեն բոլորը, ովքեր վերապրել են 1994-1996թթ․ էներգետիկ ճգնաժամը Հայաստանում, մեկ այլ վտանգ է ներկայացնում Հայաստանի արժեքավոր ջրային պաշարների համար։

Ավանդական բրածո վառելիքների օգտագործումը ևս բացասական հետևանքներ ունի դրսի օդի որակի և կլիմիայական փոփոխությունների վրա։  Օդի աղտոտվածությունը Հայաստանի 4 ամենամեծ քաղաքներում գերազանցում է մասնիկային արտանետումների միջազգային թույլատրելի սահմանը։  Էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումը կարող է ձեր էներգիայի սպառումը նվազեցնել 60 տոկոսով։ Սա միայն չի նշանակում կոմունալ ծախսի կրճատում ձեզ համար, այլև մեծ օգուտ շրջակա միջավայրի համար, քանի որ, նվազեցնելով ձեր էներգիայի սպառումը, օդի աղտոտվածության չափը ևս կնվազի։ 

Հիմա ժամանակն է մտածել շրջակա միջավայրի մասին և օգնել մեր մոլորակին՝ բոլորիս ընտանիքների, երեխաների, ինչպես նաև ապագա սերունդների բարեկեցության և անվտանգության համար։ Ողջ աշխարհում էներգաարդյունավետության բարելավումը կլիմայական փոփոխություններին դիմակայելու ամենախոստումնալից միջոցն է։

Էներգաարդյունավետ վերանորոգումները նաև շենքերն ավելի կայուն են դարձնում եղանակային ծայրահեղ դրսևորումների հանդեպ, որոնց հաճախականությունն ու հզորությունը, ըստ կանխատեսումների, կաճեն, այնպես որ վերանորոգումը ձեր տունը դարձնում է ավելի անվտանգ անսպասելի աղետների պարագայում։ Կասկած չկա, որ տեղյակ եք 1988թ․ 7 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի՝ բնակֆոնդին պատճառած հսկայական վնասի մասին, հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններում։

Նվազեցրեք ձեր կողմից արտանետվող ածխածնային գազերը՝ միաժամանակ ձեր տունն ավելի հարմարավետ, մաքուր և ապահով, և իհարկե ավելի տաք դարձնելով։ Դուք շատ ավելի լավ կզգաք ձեր նոր ու գեղեցիկ վերանորոգված շենքում՝ իմանալով, որ CO2-ի արտանետումների քանակի նվազեցումը ձեզ համար ապահովում են ավելի մաքուր օդ և ավելի լավ բերք, ավելի անվտանգ եղանակային պայմաններ, բարելավված գյուղատնտեսություն, իսկ ամենակարևորը՝  ավելի առողջ կյանք ձեզ և ձեր սիրելիների համար։