

![]()
Պատուհանները տեղադրելուց հետո տարբերությունն ակնհայտ է։ Ջեռուցման կաթսան մեծ մասամբ անջատած է։ Այս տարի ձմռանը բավական տաք է, ուստի տաք է նաև միջանցքում՝ աստիճանավանդակում պատուհաններ տեղադրելու շնորհիվ։
2015թ. նոյեմբերին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ավարտեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Հալաբյան 9/1 շենքի էներգաարդյունավետության և մուտքի վերանորոգման աշխատանքները:
Այս շենքի էներգաարդյունավետության միջոցառումներն իրականացվեցին Հաբիթաթի ԲԲՇԷԱԲ ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի 40% սուբսիդավորմամբ: Ծրագրի արժեքի մնացած 60%-ը տրամադրվել է «Աջափնյակ-1» համատիրությանը բանկի կողմից՝ 4,5 տարի ժամկետով և 14% տոկոսադրույքով: Բնակիչները որևէ լրացուցիչ վարձ չեն վճարելու, բացի իրենց բնակարանների սպասարկման վճարից:
Հալաբյան 9/1 շենքում իրականացված վերանորոգման աշխատանքները
Սնուցման համակարգերը, վահանակներն ու տրանսֆորմատորները փոխարինվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աջակցությամբ: Այլ աշխատանքներից են՝ մուտքի դռների փոխումը, աստիճանավանդակներում նոր պատուհանների տեղադրումը, շենքի կոնսոլային հատվածի ջերմամեկուսացումը: Փոխվել է նաև վերելակի մալուխային համակարգը, և ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրվել են սենսորային լույսեր:
Հալաբյան 9/1 շենքի բնակիչները
132 բնակարանից բաղկացած այս շենքի բնակիչները շատ գոհ են իրականացված վերանորոգման աշխատանքներից, որոնք դրական ազդեցություն են ունեցել իրենց կենսակերպի վրա:
Ալավերդի Թումասյանն իր ընտանիքով բնակվում է գազի կաթսայով ջեռուցվող բնակարանում: Սակայն վերանորոգման աշխատանքներից հետո նրանց տան ջերմային հարմարավետությունն այնքան է բարձրացել, որ հաճախ նրանք կարող են ամբողջությամբ անջատել կաթսան:
«Տարբերությունն ակնհայտ է աստիճանավանդակում պատուհանների տեղադրումից հետո: Օրվա մեծ մասը կաթսան անջատած է: Այս տարի ձմեռը տաք է, բավականին տաք է նաև միջանցքում՝ աստիճանավանդակի պատուհանների տեղադրումից հետո»: Ալավերդի Թումասյան
Նույն շենքի բնակիչ Սուսաննա Սարգսյանն ասաց, որ ամբողջ նախորդ տարվա ընթացքում նրանք չէին կարող կանգնած մնալ միջանցքում ձմռանը: Շատ ցուրտ էր, և միջանցիկ քամին, բնականաբար, մտնում էր նաև իրենց բնակարան: Այդ իսկ պատճառով տկն. Սուսաննան ի սկզբանե նախատեսում էր փոխել իրենց բնակարանի մուտքի դուռը, իսկ հինը հետո տեղադրել միջանցքում:
«Սակայն այս տարի դրա կարիքը չկա: Միջանցքում շատ տաք է պատուհանների տեղադրումից հետո»: Սուսաննա Սարգսյան
Տկն. Սարգսյանը նույնպես բնակվում է գազի կաթսայով ջեռուցվող բնակարանում: Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներից հետո նրա ընտանիքը ձմռան ցուրտ ամիսներին չի պայքարում բնակարանը տաք պահելու համար: Նա ուրախ է, որ օրվա որոշ ժամերի իրենք կարող են նույնիսկ անջատել կաթսան: Շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում սենսորային լույսերի տեղադրումը տկն. Սուսաննայի միտքն էր, որպեսզի էլեկտրալարերը չերևան: