Բազմաբնակարան շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման համար նոր և մատչելի վարկավորում

Երևան, 14 հուլիսի 2020թ.: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը (Հաբիթաթ Արմենիա) և «Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ս.թ. հուլիսի 14-ին ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որն ուղղված է Հայաստանում բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման համար դրուրին վարկավորման մեխանիզմի ստեղծմանը:  Մասնավորապես, սույն համագործակցության նպատակն է աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ վարկավորման միջոցով շենքերում իրականացնելու ընդհանուր տարածքների վերանորոգմանն ու էներգաարյունավետությանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ շքամուտքերի վերանորոգում, էներգախնայող պատուհանների և դռների տեղադրում, պատերի արտաքին ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում և այլն: 

ԲԲՇ կառավարման մարմինների վարկավորման գործընթացն ավելի ճկուն և դյուրին դարձնելու նպատակով՝ Հաբիթաթ Արմենիան ստեղծել է 50,000 ԱՄՆ դոլար արժողությամբ երաշխիքային ֆոնդ:  Ծրագրի մեկնարկային փուլում նախատեսվում է վերանորոգել առնվազն 18 բազմաբնակարան շենք՝ ծրագրի չափանիշներին համապատասխան: Ծրագրի անմիջական շահառու են հանդիսանում ՀՀ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, որոնց կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն՝ շենքերում վերանորոգման աշխատանքներ և էներգաարդյունավետ և էներգախնայող միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: 

Սույն համագործացությունն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Հաբիթաթ Արմենիայի կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) ծրագրի շրջանակներում: 

«Ծրագրի իրականացման կարևորագույն նախապայմաններից մեկն է բնակիչների սերտ համագործակցությունը և պատրաստակամությունը մասնակցել ծրագրին և կանոնավոր կերպով վճարել պարտադիր նորմերով սահմանված վճարները:  Համաձայն ծրագրին մասնակցած համատիրությունների հարցման արդյունքների՝ ծրագրի արդյունքում բարձրացել է շենքերի հարմարավետության մակարդակը, բարելավվել է էներգաարդյունավետությունը, բարձրացել է բնակիչների վստահությունը համատիրությունների նկատմամբ», — նշեց ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Վարսենիկ Խլոյանը:

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության հետ կապված ներդրումային միջավայրը, մշակել և կիրառել կայուն ֆինանսական մեխամիզմներ, խթանել ազգային ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ինչպես նաև ստեղծել և գործարկել ոլորտի գիտելիքների փոխանակման ազգային պլատֆորմ: 

«Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մխիթարյանի հավաստմամբ՝ ներկայումս Հայաստանում առկա են մեծ թվով ԽՍՀՄ ժամանակաշրջանի շենքեր, որոնք կարիք ունեն վերանորոգման: Ծրագիրը լավ հնարավորություն է բարեկարգելու Հայաստանում բազմաբնակարան շենքերը՝ միևնույն ժամանակ կրճատելով էլեկտրաէներգիայի ծախսը և բնակիչներին ապահովելով առավել հարմարավետ պայմաններով:

Հաբիթաթ Արմենիան Հայաստանում բազմաբնակարան շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետության ծրագրեր է իրականացնում դեռևս 2011 թվականից: Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 43 բազմաբնակարան շենքում, որի շնորհիվ շուրջ 2600 ընտանիք ապրում է բարեկարգված և առավել էներգախնայող շենքում: Ըստ ծրագրի մոնիթորինգի տվյալների՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գրանցվել է մինչև 6% էներգիայի ծախսի կրճատում: 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։  

2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 8,300 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։ 

Հաբիթաթ Արմենիան մեծ դեր ունի Հայաստանում բնակարանային պայմանների բարելավման և էներգախնայողության բարեփոխումների իրականացման գործում։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան իրականացնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։ 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայքը: 

«Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն» ՍՊԸ

«Ագրոլիզինգ լիզինգային վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ստեղծվել է 1999 թվականին, իսկ 2003 թվականին վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` ստանալով լիզինգային և վարկային գործունեություն իրականացման լիցենզիա: Ագրոլիզինգի գործունեության հիմնական ուղղություններն են գյուղատնտեսության և սննդամթերքի վերամշակման կազմակերպություններին, անհատներին և ձեռներեցությամբ զբաղվող անձանց, ինչպես նաև էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորումը:  Կազմակերպության միջոցով ֆինանսավորվել են սննդի վերամշակման նորաստեղծ ձեռնարկատերեր, որոնք ներկայումս ունեն առաջատար դիրքեր Հայաստանում, իսկ իրականացված ծրագրերը նպաստել են մոտ 5.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ԲԲՇԷԱԲ  ծրագրիմասին

ԲԲՇԷԱԲ ծրագիրը Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով իրականացվող բազմաթիվ աջակցման ծրագրերից մեկն է: 1992 թվականից, ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝  Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով: