Այն ինչ մենք ցանկանում ենք, ձեզ համար տաք և հարմարավետ բնակարան ապահովելն է

049

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, կարևորելով էներգախնայողությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում, իր առաջնահերթություններից է համարում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ և Հաբիթաթ Արմենիայի համաֆինանսավորմամբ իրականացվող «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրի շրջանակում Երևանի 10 բազմաբնակարան շենքեր արդեն իսկ դարձել են էներգախնայող: Մուտքի դռների փոխում և ջերմամեկուսացում, աստիճանավանդակների պատուհանների տեղադրում, շենքի կոնսոլային հատվածի ջերմամեկուսացում, աստիճանավանդակներում դռների տեղադրում, լուսավորության համակարգի արդիականացում՝ սենսորային լույսերի տեղադրմամբ. ահա այս աշխատանքների արդյունքում բնակիչներն ապրում են ավելի տաք և հարմարավետ պայմաններում:

Այս հարթակի միջոցով դուք հնարավորություն եք ստանում տեղեկանալ՝ ինչպես կարող եք ձեր շենքը դարձնել էներգախնայող, այն տրամադրում է քայլ առ քայլ մատչելի ուղեցույց, մասնագիտական խորհուրդներ բնակարանի վերանորոգման համար: Այն ներկայացնում է նաև ծրագրից արդեն իսկ օգտված ընտանիքների պատմություններ, արժեքավոր տեղեկություններ համատիրության աշխատանքի, ծրագրի առանձնահատկությունների, էներգաաուդիտի վերաբերյալ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքի ամբողջական ջերմամեկուսացումը կարող է հանգեցնել 50-60% էներգախնայողության, ուստի եկեք սկսենք փոքր քայլերից՝ խնայելով թե էներգետիկ ռեսուրսները, և թե մեր գումարը:

Հաբիթաթ Արմենիայի բոլոր ջանքերն ուղղված են բնակարանային աղքատության վերացմանը, իսկ տվյալ ծրագրի շրջանակում ընտանիքները պետք է ապրեն տաք բնակարաններում՝ շենքի էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքների արդյունքում խնայելով ջեռուցման համար ծախսվող գումարները: